Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սովորում էինք գրել ՄԱՐԴ բառի առաջին տառը

Սովորում էինք գրել ՄԱՐԴ բառի առաջին տառը
08.03.2024 | 07:57

Մեր դասարանը բաժակի մեջ լցրած մի բուռ ցորենի էր նման. կային վերին արտից քաղած ցորեններ, կային՝ ստորին արտից, կային, որ ճանապարհի եզրին էին աճել, կային, որ տանը՝ ծաղկամանի մեջ էին աճացրել, բայց բաժակի մեջ բոլորս խառնվել էինք իրար ու միասին՝ մեզ շատ լավ էինք զգում։ Էն, որ մեկի հայրը մեծ պաշտոն ունի, իսկ մյուսը հայր չունի, որ մեկի ընտանիքը փողի մեջ լող ա տալիս, իսկ մյուսինը՝ հազիվ ծերը ծերին հասցնում, տարիների ընթացքում, ինչ-որ առիթներով, իհարկե, իմանում էինք։ Դե, կյանք ա։ Բայց դրանից մեր վերաբերմունքը չէր փոխվում մեր ընկերների նկատմամբ։ Ի՞նչ կապ ունի՝ ոնց ես ապրում, որտեղ ես ապրում։ Ասենք՝ դպրոց գալիս մեկը նեղ, աղքատիկ փողոցով ա անցնում, իսկ մյուսը՝ լայն, շքեղ պողոտայով։ Էդ ա ճանապարհը, պիտի անցնես, բայց դրանից հո դու չես փոխվում։ Հասնում ենք դպրոց, ու բոլորս նույն տեղում ենք հայտնվում, շատ-շատ մեկը կարող ա երրորդ շարքում նստի, մյուսը՝ վեցերորդ։ Նույն շորերն ենք հագնում, նույն դասագրքերով՝ սովորում կամ չսովորում, նույն տետրերի մեջ՝ գրում, նույն գրատախտակի մոտ նույն դասը՝ պատասխանում կամ չպատասխանում, նույն մատյանի մեջ՝ գնահատական ստանում, նույն բաների մասին՝ խոսում։

Մեքենա ունեցողներ էլ կային, որ էն տարիներին շքեղություն էր. անգամ, վարորդով մեքենա ունեցողներ կային, բայց տաս տարում էդ մեքենաներից ոչ մեկը դպրոցի կողմերը չերևաց. ո՜նց էին անում, որ Ամիրյան փողոցը շրջանցում էին, հանելուկ էր։ Իսկ մենք՝ բոլորս, նույն տրանսպորտից էինք օգտվում՝ ինը համարի տրոլեյբուսից, քառասունվեց համարի ավտոբուսից․․․ Մարդ էլ կար, ոտքով էր տուն գնում, որովհետև դպրոցի մոտ էր ապրում։ Հենց նրանց տներում էլ ամենաշատը լինում էինք։ Մի բան պետք էր լինում, հո հեռու չէինք գնալու։ Ընդհանրապես, իրար տուն շատ էինք գնում՝ մենակ էլ, ամբողջ դասարանով էլ։ Ու, էլի, մեկի տունը մեծ էր, շքեղ, մյուսինը՝ փոքր, աղքատիկ, բայց բոլորինը՝ հյուրընկալ։ Մեկի ծնունդին խորոված ու հազվագյուտ քաղցրավենիք էինք ուտում, մյուսի ծնունդին՝ սովորական պանրով բուտերբրոդներ, բայց դա հե՜չ կարևոր չէր։ Մի տեսակ, էդ ամենը չէր կապվում մարդու հետ, հագուստի նման մի բան էր, որ էդ պահին հագել ես, իսկ վաղն ուրիշն ես հագնելու։ Ուսուցիչներն էլ, բոլորին նույն կերպ էին վերաբերվում՝ բոլորիցս մի հաց էին թխում։ Մեր ուսուցչուհիներից մեկի աղջիկն էլ էր մեր դասարանում։ Մայրն աղջկան նենց էր վերաբերվում, ասես, ուրիշի երեխա լիներ։

Հա՜, մեկ էլ, դասարանում ոչ մեկին մականուն չէր կպնում։ Փորձում էինք, չէր ստացվում, մի քիչ ասում էինք, ու մոռացվում էր։ Էդ տաս տարում հազիվ մեկին մականուն կպցրեցինք՝ մեր աղջիկներից մեկին Կեկել էինք ասում, երևի նրա համար, որ շատ սիրունիկ աղջիկ էր։ Էն էլ՝ էնքան դուրն եկավ իր մականունը, որ, անունը տալիս էինք, էլ չէր պատասխանում։

Դասարանում գերազանցիկներ էլ ունեինք, երեքներով հազիվ քաշ եկողներ էլ, բայց ուսումնական ծրագրի առարկաներից բացի՝ մենք մի շատ ավելի կարևոր բան էինք սովորում՝ սովորում էինք գրել ՄԱՐԴ բառի առաջին տառը. մեկի մոտ հեշտ էր ստացվում, մեկի մոտ՝ դժվար, մեկի մոտ՝ սիրուն, մեկի մոտ՝ ոչ էնքան, բայց բոլորի մոտ ստացվում էր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6996

Մեկնաբանություններ